Ի՞նչ է բիթքոինը
Վիրտուալ արժույթների գաղափարը ծնվել է դեռևս 1999-ական թվականներին, սակայն 2008 թվականի հոկտեմբերի 31-ը համարվում է առաջին Բիթքոյինի ծննդյան օրը: Աշխարհի առաջին կրիպտոարժույթն ընդունված է համարել բիթքոյինը (bitcoin): Բիթքոինը էլեկտրոնային արժույթ է, վճարային միջոց, որով կարելի է գնել ցանկացած իր՝ սննդից մինչև ավիատոմսեր և տարաբնույթ ծառայություններ:
Բիթքոինի գինը շատ փոփոխական է: 2013թ սկզբին այն արժեր մոտ 10-15$, իսկ նույն թվականի վերջին այն հասավ 1163$-ի: Հաջորդ 18 ամիսների ընթացքում Բիթքոինի գինն իջավ մինչև 200$-ի: Հարկ է նշել, որ 2016թ այն բավականին մեծ տարածում է գտել Չինաստանում, երբ Չինաստանի պետական արժույթն արժեզրկվեց: Այդ ժամանակահատվածում Բիթքոինի գինը հասավ 1140$-ի: Իսկ վերջնական բումը եղավ 2017թ վերջին, երբ Բիթքոինի գինը հասավ 20000$-ի: Զարմանալի չէ, որ այդ ընթացքում Բիթքոինի բլոկ շղթայում գործարքների թիվը հասավ օրական մոտ 400 000-ի:
Բիթքոինի առավելությունները
- Փոխանցման ցածր վճարները — Բիթքոինի միջոցով փոխանցումները, ի տարբերություն առցանց վճարային համակարգերով փոխանցումների կամ բանկային փոխանցումների, ենթադրում են ավելի քիչ ծախսեր՝ կազմելով փոխանցվող գումարի 0-1% այն դեպքում, երբ ավանդական առցանց վճարային համակարգերը պահանջում են 2-4%, բանկային փոխանցումների դեպքում երբեմն նաև 8-9%: Սա հիմնականում վերաբերում է միջազգային փոխանցումներին:
- Փոխանցումների ժամկետը — Բիթքոինների դեպքում փոխանցումների ժամկետը կարող է լինել 10-60 րոպե՝ ի տարբերություն միջազգային վճարային համակարգերի (միջինում 2-3 աշխատանքային օր) և բանկային փոխանցումների (միջինում 3-5 աշխատանքային օր): Կրիպտոարժույթներով վճարումները սովորաբար տեղի են ունենում 24/7 հիմքի վրա:
- Մասշտաբային ֆինանսավորումը — Բիթքոին ուղարկել և ստանալը հնարավոր է աշխարհում ցանկացած տեղ ինտերնետի հասանելիության պայմաններում՝ առանց բանկային հաշիվ կամ կրեդիտ քարտ օգտագործելու: Այն պետություններում, որտեղ ֆինանսական ծառայությունները լայնորեն տարածված չեն, ազգային արժույթը չի փոխարկվում այլ իրական արժույթների կամ ֆինանսական ծառայությունները չափազանց թանկ են ֆիզիկական անձանց համար, կրիպտոարժույթով փոխանցումները ապահովում են այլընտրանքային ճանապարհ:
- Անհատական օգուտները — Կրիպտոարժույթով գործարքները չեն պահանջում անձնական տվյալների տրամադրում՝ ի տարբերություն կրեդիտ քարտի կամ սովորական վճարման մեթոդների: Բիթքոին օգտվողները լիարժեք վերահսկողություն ունեն իրենց փոխանցումների նկատմամբ, նրանք կարող են նաև պաշտպանել իրենց փողը պահուստավորման և կոդավորման միջոցով: Կրիչի վրա կարելի է պահել մեկ միլիոն դոլար արժողությամբ Բիթքոին, ինչը հնարավոր չէր լինի կանխիկի կամ նույնիսկ ոսկու դեպքում:
Բիթքոինի թերությունները
- Բարձր անկայունությունը — Բիթքոինի գինը կարող է արագ և զգալի չափով փոխվել: Այն կախված է մի շարք գործոններից, ինչպես, օրինակ տեղի ունեցավ Չինաստանում կատարված դեպքերից: Չնայած որոշ առևտրականներ Բիթքոին ընդունում են իրենց ծառայությունների և ապրանքների դիմաց, այնուամենայնիվ դա դեռևս չի ընկալվում որպես վճարման հիմնական միջոց. այն պահվում է կանխատեսվող արժևորման համար: Այն նոր արժույթ է, հետևաբար համեմատաբար փոքր իրադարձությունները կարող են զգալիորեն ազդել գնի վրա:
- Անօրինական և հանցավոր գործունեության չարաշահում — Չվերահսկվելու պատճառով Բիթքոինը կարող են օգտագործել հանցավոր գործունեության համար, այդ թվում` փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման համար: Բիթքոինը նաև ունի բարձր ներուժ հարկերից խուսափելու համար: Սակայն, հարկերից խուսափելու մասշտաբները ներկայումս չեն կարող լինել շատ մեծ, քանի որ Բիթքոինի քանակը պարզապես այնքան մեծ չէ, և դրա գնի անկայունությունը չափազանց բարձր է:
- Գումարը կորցնելու ռիսկը: Եթե փոխանակման հարթակները դադարեցնեն գործունեությունը, փլուզվեն, հաքերային հարձակման ենթարկվեն կամ տեխնիկական ձախողման հետևանքով դադարեն գործել, ապա սպառողները կարող են կորցնել իրենց գումարը: Դրանք բանկեր չեն և սպառողների ներդրած գումարները փոխհատուցելու երաշխիք չկա, ինչպես օրինակ ավանդների դեպքում: Եթե գաղտնաբառը չի պահպանվել, վիրտուալ արժույթը կարող է ընդմիշտ կորել: Կամ կարող են լինել նաև սխալ իրականացված փոխանցումներ: Բիթքոինի դեպքում չկա ոչ մի մեխանիզմ, որը կվերականգնի գողացված կամ կորցրած Բիթքոինները:
- Երկարաժամկետ գնանկումային բնույթը — Բիթքոինի պահանջարկը երկարաժամկետ հեռանկարում ավելանում է, իսկ թողարկման տեմպը ավելի դանդաղում, քան ֆիզիկական արժույթներինը և մի քանի տասնամյակների ընթացքում կդառնա հաստատուն: Կանխատեսվում է, որ 2050թ. Բիթքոինի թողարկումը կդադարի և ամեն 1 Բիթքոին բաժին կընկնի 500 մարդու: Բիթքոինի համատարած օգտագործումը կնշանակի, որ դրա պահանջարկը կգերազանցի առաջարկին՝ ստիպելով մեծացնել Բիթքոինի գինը: Որպես հետևանք ապրանքների և ծառայությունների գները կնվազեն՝ առաջացնելով գնանկում, որը կնվազեցնի տնտեսական աճը՝ դարձնելով այն նորմալ մակարդակից ցածր, իսկ գործազրկությունը՝ բարձր: Մյուս կողմից դրա օգտագործումը, որպես սպեկուլյատիվ գործիք, կավելանա՝ հաշվի առնելով դրա ակնկալվող ապագա բարձր արժեքը, և այն չի համարվի որպես վճարման միջոց:
Կան ենթադրություններ, որ կրիպտոարժույթներով կատարված փոխանցումների գները հետագայում կաճեն: Այսպես, երբ Բիթքոինի քանակը հասնի առավելագույնին, արդյունահանողները չեն ստանա ամեն թողարկված Բիթքոինի դիմաց իրենց մասնաբաժինը և ստիպված կպահանջեն ավելի շատ գումար փոխանցումները հաստատելու դիմաց: Ներկայումս, Բիթքոինի՝ որպես վճարման միջոց դառնալուն խանգարում են դրա անկայունությունը, շատ մարդկանց կողմից չընդունվելը ու ոսկու նման կուտակելը: Անկայունությունը կնվազի, եթե Բիթքոին շուկաները և տեխնոլոգիաները զարգանան, ավելի շատ մարդիկ տեղյակ լինեն դրանց մասին և ունենան իրատեսական ակնկալիքներ դրանց ապագայի վերաբերյալ:
Ֆինանսական հաստատությունները պետք է կարևոր դեր խաղան իրենց սպառողներին կրիպտոարժույթների առավելությունների ու թերությունների մասին տեղեկացնելու և կրթելու հարցում: Հասարակության համար ավելի ապահով և հասանելի դարձնելու համար պետք է մշակվեն նոր գործիքներ և ծառայություններ: Այս տեխնիկական նվաճումը կարող է օգտագործվել նաև ֆինանսական հաստատությունների և նույնիսկ կառավարությունների կողմից: