Սպառողական վարկ — Վերջին տարիներին սպառողական վարկավորման լայնորեն տարածումը խնդիրների մեծ ծավալի է հանգեցրել: Տեղեկատվության պակասի պատճառով, սխալ գնահատելով ֆինանսական պարտավորության բեռը, սպառողները հայտնվում են կյանքի դժվարին իրավիճակներում:
Մենք սկսում ենք հոդվածների շարք, որպեսզի բարելավենք հանրապետության բնակիչների ֆինանսական գրագիտությունը:
Սպառողական վարկ ը ձեր գումարը չէ, այն բանկինն է կամ վարկային կազմակերպությանը, որը ձեզ տրվել է պարտքով: Սպառողական վարկը այն վարկն է, որը տրամադրվում է քաղաքացիներին ցանկացած անձնական նպատակների օգտագործման համար: Բանկը կամ վարկային կազմակրեպությունը ձեզ է տրամադրում անհրաժեշտ միջոցներ և այդ ծառայության դիմաց ակնկալում ստանալ վճար՝ տոկոսների տեսքով:
Վարկ վերցնելիս պետք է հասկանալ, որ այդ գումարը ձերը չէ և անհրաժեշտ է այն վերադարձնել բանկին կամ վարկային կազմակերպությանը: Վարկ վերցնել և այն ժամանակին չմարել, նույնն է, թե, գողանալ:
Սպառողական վարկը կարող է լինել առանց գրավի կամ գրավով՝ ցանկացած արժեքավոր գույքի գրավադրմամբ (անշարժ գույք, ոսկի, ավտոմեքենա և այլն): Որպես կանոն, խոշոր վարկերը տրամադրվում են գրավով:
Սպառողական վարկը (բացառությամբ հիփոթեքային վարկերի) կարգավորվում է «Սպառողական վարկի մասին» օրենքով — այն պարունակում է վարկի տրամադրման բոլոր հիմնական պայմանները, ինչպես նաև պարտատիրոջ, վարկառուի և հարկադիր կատարողի պարտավորություններն ու իրավունքները:
Պետք է հաշվի առնել, որ առաջին անգամ բանկ կամ վարկային կազմակերպություն դիմելով, սկսում եք ձևավորել ձեր վարկային պատմությունը: Ձեր թույլտվությամբ ձեր վարկի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվում են վարկային բյուրո: Հետագայում, ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն, որին դուք կդիմեք վարկ ստանալու նպատակով, կարող է ծանոթանալ ձեր վարկային պատմությանը: Դա կարող է էապես անդրադառնալ ձեր նկատմամբ նոր հավանական վարկատուի վերաբերմունքի վրա, մինչև անգամ վարկի տրամադրման մերժում:
Երբ ցանկանում եք վարկ վերցնել, նախ գնահատեք ձեր վարկունակությունը և պատրաստ եղե՛ք հաղթահարելու վարկային ծանրաբեռնվածությունը: Գնահատե՛ք ձեր հնարավորությունները և կշռադատե՛ք ռիսկերը. պատասխանեք հետևյալ հարցերին.
- Արդյո՞ք ունեք բավարար գումար վարկը մարելու համար:
- Հարկերը վճարելուց հետո որքա՞ն է ձեր եկամուտը՝ հիմնական և կես դրույքով աշխատատեղից:
- Ունե՞ք, արդյոք,այլ եկամուտ:
- Ի՞նչ պարտադիր վճարներ ունեք արդեն (կոմունալ վճարներ, բնակարանի
վարձակալություն, մանկապարտեզների և դպրոցների վարձավճարներ, օգնություն թոշակառու-ծնողներին և այլն): - Քանի՞ հոգուց է բաղկացած ձեր ընտանիքը:
- Ամսական որքա՞ն գումար եք ծախսում սննդի վրա:
- Ունե՞ք, արդյոք, այլ վարկեր և որքա՞ն գումար եք վճարում դրանց համար:
Հիմա եկամտից հանեք բոլոր ծախսերը, որքա՞ն մնաց և արդյոք դա ավելի՞ն է, քան պետք է վարկը վճարելու համար: Եթե հաշվարկների մեջ դժվարամում եք, կարող եք կիրառել բավականին պարզ կանոն: Եթե վարկի գումարը, որը պետք է վճարել ամսական, ավելին է, քան վաստակածի 30-40%-ը, ապա այդպիսի պայմաններն արդեն բավական ռիսկային են, և դա կարող է ձեզ բարդ ֆինանսական դրության մեջ դնել: Դուք կարող եք ոչինչ չպատմել բանկին կամ վարկային կազմակերպությանը ձեր եկամուտների և ծախսերի մասին, բայց ինքներդ Ձեզ համար պետք է անկեղծորեն պատասխանեք վերը նշված հարցերին, որպեսզի ընդունեք պատասխանատու և կշռադատված որոշում: